Ռոզա Օթունբաեւան անցումային շրջանում ընտրվել է Ղըրղզստանի նախագահ: Նա արդեն հայտարարել է, որ նվազագույն ժամկետներում պատրաստ է կազմավորել նոր կառավարություն: «Ես այսօր նախագահի լիազորություններ եմ ստանում, միաժամանակ ես կղեկավարեմ կառավարությունը: Կառավարությունն այսուհետ չի կոչվի «ժամանակավոր». մենք մտել ենք իրավական դաշտ»,- ասել է Օթունբաեւան:
Ավելի վաղ, NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 27-ին Ղըրղզստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ժամանակ քաղաքացիները պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեին միանգամից երեք հարցի, որոնք վերաբերում են Օթունբաեւային մինչեւ 2011-ի դեկտեմբերի 31-ը նախագահի լիազորություններ ընձեռելուն, Նոր սահմանադրություն ընդունելուն եւ երկրում Սահմանադրական դատարանի վերացմանը:
Ղըրղզստանի ԿԸՀ-ի տվյալներով, հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը կողմ է քվեարկել երկրի նոր սահմանադրությանը, ըստ որի՝ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման: Դեմ է քվեարկել մասնակիցների 8 տոկոսը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների մոտ 70 տոկոսը:



























