Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլը:
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ձգտում է ջերմ հարաբերություններ պահպանել տարածաշրջանի երկրների հետ: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք էներգետիկ գործոնն է դեր խաղում Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում, դեսպանը նկատել է. «Էներգետիկ գործոնը մշտապես կարեւոր բաղադրիչ է երկու երկրների հարաբերություններում, ուստի Մեծ Բրիտանիան շարունակելու է ձգտել սերտ համագործակցության Ադրբեջանի հետ: Դա վերաբերում է նաեւ Հայաստանին: Եթե մի երկրի հետ համագործակցության ընդհանուր հետաքրքրություն կա, դա ի նշանակում, որ մենք չպետք է համագործակցենք այլ երկրների հետ՝ մեզ հուզող ուղղություններում»:
Լոնդսդեյլը նկատել է, թե Մեծ Բրիտանիան աջակցելու է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի սերտ համագործակցությանը: Նա նաեւ շեշտադրում է արել երկու երկրների գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտության վրա: Խոսելով տնտեսական ճգնաժամի ազդեցության մասին, դեսպանը նկատել է, թե չնայած որոշ առաջընթաց նկատվում է, տարածաշրջանում փոփոխություններ չեն երեւում:


























