Լեռնային Ղարաբաղի կողմից միջանկյալ կարգավիճակի ստացումը, որն ապագայում կապահովի ինքնորոշման հնարավորությունը, ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնաքարն է: Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հայաստանը հստակ եւ միանշանակ պայմաններ է առաջադրել, որոնք քննարկման ենթակա չեն: «Երեք կետ՝ ցամաքային միջանցք, անվտանգության երաշխիքներ, անկախություն: Այստեղ Հայաստանը երբեք զիջումների չի գնա»,- հստակեցրել է Շարմազանովը՝ հավելելով, որ մնացած հարցերը երկրորդական են:
«Մեր նպատակն է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան ունի այսօր: Դա մեզ համար անընդունելի է»,- ընդգծել է պատգամավորը:
Նա նկատել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել, բայց դրա ավարտը դեռ շատ հեռու է: «Իրականում հակամարտության ձեւաչափը երկկողմ է՝ ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը: Քանի դեռ Ղարաբաղի շահերը ներկայացնում է Հայաստանը, կարգավորման եզրափակիչ փուլի մասին խոսել չի կարելի»,- վստահ է նա:
«Որոշ մարդկանց ժամանակն է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- ամփոփել է ՀՀԿ մամուլի քարտուղարը:


























