Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ելույթ ունենալով Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի 17-րդ կոնֆերանսին, կոչ է արել միջազգային հանրությանը՝ դատապարտել հայկական մշակութային հուշարձանների եւ ընդհանրապես քրիստոնեական աշխարհի պատմական արժեքների նպատակաուղված ոչնչացումը Ադրբեջանում եւ Թուրքիայում:
«Չնայած միջազգային հանրության բացասական արձագանքին, Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են վարել մշակութային ցեղասպանության քաղաքականություն՝ ոչնչացնելով հայկական պատմական հուշարձանները»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ դրա վառ օրինակն է Ջուղայում հայկական գերեզմանոցի ոչնչացումը:
Նշենք, որ Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովը կշարունակի իր աշխատանքները մինչեւ հուլիսի 2-ը: Այսօր Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:




























