Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակման՝ 2010 թ. հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 10,8 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար) պակասուրդով։ Եկամուտները կազմել են 299,1 մլրդ դրամ (մոտ 800 մլն դոլար), իսկ ծախսերը՝ 309,9 մլրդ դրամ (մոտ 840 մլն դոլար)։ Փաստացի՝ բյուջեի պակասուրդը նախատեսվածից մոտ 7 անգամ քիչ է։ Պակասուրդը բացառապես ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին՝ հաջողվել է այդ նպատակով ներգրավել մոտ 15,8 մլրդ դրամ (42 մլն դոլար), այնինչ արտաքին աղբյուրների գծով Հայաստանն ունի 5 մլրդ դրամ բացասական հաշվեկշիռ։ Այն բացառապես պայմանավորված է ԼՂՀ-ին տրամադրած 14,7 մլրդ դրամ (40 մլն դոլար) միջպետական վարկով։
Առաջին կիսամյակում նախատեսված 73.5 մլրդ դրամի (200 մլն դոլար) փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից անցած հինգ ամիսների ընթացքում օգտագործվել է ընդամենը 8.1 մլրդ դրամ (22 մլն դոլար): Շուրջ 13.5 մլրդ դրամ (մոտ 35 մլն դոլար) ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից՝ 5.1 անգամ գերազանցելով տարեկան ծրագիրը։ Ներքին պարտավորությունների զգալի մասը վճարվել է «Հայռուսգազարդ»-ի կողմից։




























