ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարելիք այցի իրական նպատակների մասին դատողություններ անելը վաղաժամ է, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա նկատել է, թե Քլինթոնի այցը պետք է ավելի վաղ կայանար, սակայն հետաձգվել է: «Եթե Քլինթոնը տարածաշրջան ժամաներ ավելի վաղ նախատեսված ժամանակներում, ակնհայտ կլիներ, որ նրա այցը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններով, սակայն այժմ եզրակացություններ անելը բարդ է»,- նկատել է Հովհաննիսյանը:

Խոսելով Ալմաթայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին՝ Հովհաննիսյանը նկատել է, որ այդ հանդիպումից առանձնահատուկ սպասելիքներ պետք չէ ունենալ:

Խոսելով Freedom House-ի վերջին զեկույցի մասին, որտեղ Հայաստանը ներկայացված էր որպես կիսաավտորիտար երկիր, Վահան Հովհաննիսյանն ընդհանրապես չի ցանկացել մեկնաբանել այն: «Այդ կազմակերպությունն իր խնդիրներն է լուծում, որոնք ընդհանրապես չեն համընկնում մեր շահերի հետ, այնպես որ ես մտադիր չեմ մեկնաբանել նրա զեկույցները»,- հայտարարել է նա: