«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը այսօր հայ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային ռազմավարության որոշ խնդիրներին: Այն հարցին, թե որքանո՞վ է իրականանալի Աջարիայի միջոցով Հայաստանի եւ Թուրքիայի երկաթուղային համակարգերի միակցումը, Յակունինը պատասխանել է. «Խնդիրն այն է, որ միջպետական հարաբերությունների հարցերը չեն գտնվում «Ռուսական երկաթուղիների» կամ «Հարավկովկասյան երկաթուղիների» իրավասությունների ներքո: Բնականաբար, մեր ռազմավարությունում մենք ելնում ենք նրանից, որ վաղ թե ուշ քաղաքական խնդիրները կկարգավորվեն: Հայկական ղեկավարությունը, որքան ինձ հայտնի է, մեծ կարեւորություն է տալիս այդ հարցերին: Մեր կողմից համապատասխան աշխատանքներ ենք տանում ե՛ւ երկաթուղիների միջազգային միության շրջանակներում, ե՛ւ մեր գործընկերների հետ երկկողմանի հարաբերություններում, անում ենք ամեն ինչ, որ երկաթուղային տրանսպորտն աշխատի ժամացույցի նման եւ ենթակա չլինի քաղաքական նեգատիվ ազդեցություններին»:
Վրացական մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունների վերաբերյալ, ըստ որի` բանակցություններ են տարվում Վրաստանի երկաթուղային համակարգը նույնպես հավատարմագրային կառավարման վերցնելու ուղղությամբ, Յակունինն ասաց, որ ոչ մի պաշտոնական բանակցություններ այդ կապակցությամբ չեն տարվել եւ չեն տարվում։ Իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ: Այն հարցին, թե որքանով ռուսական ընկերությունը հետաքրքրված է Վրաստանի երկաթուղային համակարգով, Յակունինը հրաժարվեց պատասխանել` «հասկանալի պատճառներով»:


























