Այսօր Երեւանում աշխատանքները սկսեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների յոթերորդ պարտատոմսային կոնգրեսը: Այն տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանի կապիտալի շուկան հայտնվել է իր պատմության մեջ ամենախորը ճգնաժամում, ինչի վկայությունն է ոչ միայն պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի անկումը, այլեւ նոր պարտատոմսերի թողարկման բացակայությունը: Չնայած դրան` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը կոնգրեսի ժամանակ նշեց, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկն անում են ամեն ինչ՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար: Մեր արտասահմանցի հյուրերը գուցե Վ. Գաբրիելյանի նման հայտարարությունները հալած յուղի տեղ ընդունեն, ի վերջո ուրիշ երկրի կապիտալի շուկան իրենց հոգսը չէ, սակայն հայ գործարար շրջանակներին նման պարզունակ հորինվածքներով ոչինչ չես համոզի: Այսօր ողջ գործարար աշխարհն է խոսում այն մասին, որ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կայացման հիմնական խոչընդոտներից մեկը կառավարության թողարկած պարտատոմսերն են, որոնց եկամտաբերությունը չափազանց բարձր է:

Օրինակ` այսօր կայացած աճուրդում 60-ամսյա մարման ժամկետով պարտատոմսերը ֆինանսների նախարարության կողմից իրացվել են մոտ 13.3 տոկոս եկամտաբերությամբ, ոչ հեռու անցյալում դրանց եկամտաբերությունը հասավ մինչեւ 15 տոկոսի: Համեմատության համար նշենք, որ այսօր ոչ մի բանկ դրամային ավանդի դիմաց 10 տոկոսից ավելի չի առաջարկում, ու ոչ մի մասնավոր ընկերություն մինչ այժմ 11 տոկոսից ավելի եկամտաբերությամբ պարտատոմս չի թողարկել: Պատկերացրեք հետեւյալ իրավիճակը` մասնավոր ընկերությունը թողարկում է 9 կամ 10 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմս, որը նորմալ շուկայական մակարդակ է, կարելի է ասել նույնիսկ` բավական բարձր: Բայց ո՞վ կգնի նման պարտատոմսը: Պոտենցիալ ներդրողը առաջին հերթին նախապատվությունը կտա պետական պարտատոմսին, որի ե՛ւ տոկոսադրույքն է ավելի բարձր, ե՛ւ հուսալիությունը: Առավելագույնը, որ այսօր կարող են իրենց թույլ տալ մասնավոր ընկերությունները` մինչեւ 1 տարի մարման ժամկետով պարտատոմսի թողարկումն է, քանի որ կարճաժամկետ պարտատոմսերի գծով կառավարությունը համեմատաբար ցածր տոկոսադրույքներով է աշխատում:

Աբսուրդն այն է, որ աշխարհի համարյա բոլոր երկրներում պետական պարտատոմսերն ունեն շուկայում ամենացածր տոկոսադրույքը: Հայաստանը այն միակ բացառիկ երկիրն է, որտեղ շուկայի ամենաբարձր տոկոսադրույքը հենց պետական պարտատոմսերինն է: Նման պայմաններում կապիտալի շուկայի զարգացման մասին խոսք գնալ  չի կարող, ո՛չ ներդրողները, ո՛չ թողարկողները դրանում շահագրգռված չեն: Ահա այս ակնհայտ իրողությունն է, որ ԿԲ նախագահի տեղակալը տեսնել չի ուզում, կամ տեսնելուց հետո նկատել  չի տալիս: Բայց դրանից մեր կապիտալի շուկայի իրավիճակը չի բարելավվում։ Ի վերջո գործարարները առաջնորդվում են սեփական շահերով, ոչ թե չինովնիկների հայտարարություններով:

Կոնգրեսի ընթացքում հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքերով, բորսան սկսելու է ինքնուրույն աշխատել թողարկողների հետ` շրջանցելով բրոքերային ու ներդրումային ընկերություններին: Ընդհանուր առմամբ` սա հակասում է բորսայական խաղի բոլոր կանոններին, որոնց համաձայն՝ բորսայի ադմինիստրացիան պետք է չեզոք լինի: Սակայն մեր բորսայի ղեկավարը սույն օրինախախտումը նկատել է նաեւ Մերձբալթյան երկրներում, որտեղ այն ապացուցել է իր արդյունավետությունը: Սակայն նկատենք, որ Մերձբալթիկայում կառավարությունը պարտատոմսերի միջոցով ֆինանսական բուրգեր չի կառուցում:

Սամվել Ավագյան