Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ ԵՄ-ն կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: «Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների խորացումը հաշվի առնելով՝ ԵՄ-ն կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, բայց ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն, այլ նրան աջակցելով»,- հայտարարել է Սեմնեբին՝ Ադրբեջանում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, անհրաժեշտ է վստահության միջոցներ ձեռնարկել: Նա նաեւ նշել է, թե քննարկվելու են միջոցները, որոնց օգնությամբ ԵՄ-ն կարող է աջակցել հակամարտության կարգավորմանը:

Սեմնեբին անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին: Նա նշել է, թե այցն իր դերը կխաղա բանակցություններում, քանի որ ԱՄՆ-ը մտադիր է այդ այցն օգտագործել ղարաբաղյան հարցի առաջմղման համար: