Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 1-ին ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր:
Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումով կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար` իրար կապելով Սեւ ծովի եւ Պարսից ծոցի նավահանգիստները:
Հանրապետության ղեկավարը եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը քննարկել են նաեւ Հայաստանի կառավարության եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վլադիմիր Յակունինը վստահեցրել է, որ ներդրումային պարտավորություններն այս տարվա համար ամբողջությամբ կկատարվեն, եւ «Ռուսական երկաթուղիները» կշարունակի հայկական երկաթուղու արդիականացման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծրագրած աշխատանքը:




























