Վնասվածքից հետո ուղեղի վերականգնմամբ զբաղվող ամերիկյան գիտնականներն աշխատում են «համակարգիչ-ուղեղի» ստեղծման ուղղությամբ, որը կաթվածահար մարդկանց հնարավորություն կընձեռի շփվել մտերիմների հետ: Իրենց մտքերը նրանք կկարողանան արտահայտել էկրանի վրա:

Նյու Յորքի նահանգի Օլբանի քաղաքի Ուեդսվորտ բժշկական կենտրոնում ուղեղի վնասվածք ունեցող մարդկանց վերականգնմամբ զբաղվող Ջոնաթան Ուոլփոուն համակարգ է հայտնագործել, որը թույլ է տալիս հաշվել ուղեղի ազդանշանները եւ դրանք դուրս բերել էկրանին: Այս մասին գրում է The Verge-ը:

«Կենսապահովման այնպիսի համակարգերի զարգացման արդյունքում, ինչպիսիք են թոքերի օդափոխման սարքերը, ծանր կաթվածով մարդիկ կարող են երկար տարիներ գոյատեւել: Սակայն նրանց համար մեծ ողբերգություն է շփման կարողության բացակայությունը: Երբ նրանք չեն կարողանում արտահայտել իրենց մտքերը, կորցնում են կյանքի իմաստը»,- նշում է Ուոլփոուն:

Մեզ նմանների հետ շփումը մեր տեսակի համար հիմնարար անհրաժեշտություն է: Առանց դրա երեխաների լիարժեք զարգացումն ու մեծահասակների նորմալ կյանքն անհնար են: Այդ պատճառով զրուցելու հնարավորությունը, նույնիսկ՝ համակարգչի էկրանի միջոցով, բառացիորեն կյանքեր է փրկում: