Նախագահական ընտրություններն Իրանում ավարտվեցին Թեհրանում տեղի ունեցած ընդհարումներով եւ արյունահեղությամբ: Ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանի մերձավոր հարեւանի ներքաղաքական ասպարեզում:Կկարողանա արդյոք ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրավիճակը պահել հսկողության տակ, եւ ինչպես է նա կառուցելու հարաբերությունները Հայաստանի հետ պաշտոնավարման երկրորդ շրջանում: NEWS.am-ը ներկայացնում է բլից հարցազրույց հայ փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի նախագահի տեղակալ Սեւակ Սարուխանյանի հետ:
NEWS.am – Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ: Ինչ եք կարծում, իր երկրորդ նախագահության շրջանում նա կշարունակի ամրապնդել կապերը Հայաստանի հետ, թե թուրք-ադրբեջանական ճնշումը նրան, այնուամենայնիվ, կկոտրի:
Վստահ եմ, որ նախագահ Ահմադինեժադի պաշտոնավարման երկրորդ փուլում Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ կզարգանան կայուն ձեւով: Պետք է հաշվի առնել, որ Մուսավիի պարտության հետեւանքով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացը կհետաձգվի, եւ այդ պայմաններում Իրանը կշարունակի ամրապնդել դիրքերը տարածաշրջանում. իսկ Հայաստանի հետ կապված խոշոր ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կիրագործվեն:
NEWS.am — Ինչպես եք գնահատում Ահմադինեժադի նախագահության առաջին ժամկետը եւ ինչ կանխատեսումներ ունեք նրա պաշտոնավարման երկրորդ շրջանի վերաբերյալ:
Իմ գնահատականները հակասական են: Մի կողմից, Իրանում ոչ մի էական բարեփոխում չիրականացվեց, բնակչության կյանքի սոցիալական պայմանները գործնականում մնացին այն մակարդակին , ինչ 5 տարի առաջ: Այնինչ մյուս կողմից, անցած 4 տարում Իրանը դարձավ ամենաազդեցիկ պետությունը տարածաշրջանում, ամրապնդեց դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ, փաստորեն, ամերիկյան ղեկավարությանը ստիպեց երկխոսության գնալ Թեհրանի հետ: Այնպես որ, Ահմադինեժադի նախագահությանը տված իմ գնահատականներն իրարամերժ են:
NEWS.am — Իրանում որքան ուժեղ կլինի բողոքը ընտրություններից հետո: Ահմադինեժադը կկարողանա արդյոք խուսափել վերջին շրջանում մոդայիկ դարձած գունավոր հեղափոխություններից:
Բողոքի ցույցերն արդեն շատ տպավորիչ են: ցուցարարների մեջ կան զոհեր եւ կարծում եմ, որ ընտրություններից 7-10 օր հետո վիճակը ծայրահեղ բարդ կմնա : Բայց գունավոր հեղափոխություն այնտեղ չի լինի, քանի որ իշխանությունն ուժեղ է, ընդդիմությունը` թույլ, իսկ հեղափոխություն ցանկացողները առաջնորդներ չունեն:
NEWS.am — Մեկնաբանեք Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը …
Ինձ թվում է, որ բոլոր դեպքերում Իրաքում սահմանափակ զորախումբ կմնա: Ամերիկացիներն իրենց ռազմական ներկայությունն Իրաքում կմեծացնեն թե կփոքրացնեն՝ պայմանավորված կլինի նրանով, թե Իրանի հետ երկխոսությունը կամ դիմակայությունը ինչ ընթացք կստանա:
NEWS.am – Վերջին շրջանում Հարավային Կովկասում Անակարայի քաղաքականության ակտիվացման հետնապատկերի վրա , Թեհրանը որոշակի պասիվություն է ցուցաբերում: Ինչ եք կարծում, դա կապված էր ընտրությունների՞ հետ, թե՞ Իրանն իրականում ազդեցությունը կորցնում է:
Իրանը պասիվ չի եղել: Թեհրանը բավական զուսպ, ոչ ցուցադրական քաղաքականություն ունի: Այսօրվա կտրվածքով, Իրանի ուշադրությունը տարածաշրջանում չի թուլացել,ընդհակառակը` ուժեղացել է: Այդ է վկայում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումը Հայաստանի հետ:




























