ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով կառուցվող Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ հատված, որտեղ երթեւեկելի երկու գոտիներում արդեն ավարտվել են բետոնի փռման աշխատանքները։
Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը եւ շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան կորվիամ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դանիել Դոմինգոն, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, տեղեկացրին, որ Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ հատվածի ձախ երթեւեկելի գոտում ներկայում շարունակվում են կարերի կտրման եւ դրանց հերմետիկացման աշխատանքները։
Նախարարը ծրագրի պատասխանատուների հետ ուսումնասիրեց իրականացված աշխատանքները՝ ուշադրություն դարձնելով հատկապես բետոնապատված մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշի համապատասխանելիությանը միջազգային չափորոշիչներին եւ իրականացված կարերի որակին, որոնցում նկատելի էին որոշակի թերություններ:
Նախարարն իր դիտողությունները ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» եւ տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էպտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին, հանձնարարեց ուսումնասիրել նշված խնդիրները, հստակեցնել դրանց լուծումները, շտկել թերությունները։
Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հայաստանի համար պետական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին պետք է կառուցվի բարձր որակով, թերություններն անընդունելի են։
Ներկայում ինտենսիվ կերպով շարունակվում են աշխատանքները նաեւ մայրուղու Երեւան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածներում։
Երեւան-Աշտարակ հատվածում ավարտվել են բետոնի փռման աշխատանքները։ Աշտարակ-Թալին ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհի լայնացման հողային եւ շինարարական աշխատանքներ։
Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաեւ այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։
Մանրամասները՝ տեսանյութում:
(2).jpg)
(2).jpg)
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)












