Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարծիքներ են փոխանակվել նաեւ հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների եւ հնարավոր զարգացումների շուրջ: Սեյրան Օհանյանը կարեւորել է համանախագահների ջանքերը' հակամարտության խաղաղ կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու գործում:
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովն եւ Ռոբերտ Բրադկեն հանդիպել էին նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին: Իսկ այսօր Երեւանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:




























