ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցելությունը ուղղված չէ մեր երկրի խնդիրների լուծմանը, այն ավելի շատ տարածաշրջանային նշանակություն ունի: Այսօր` հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, նույնանուն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավելելով, որ թեեւ այդ այցը դրական ու ողջունելի է, սակայն զգալի փոփոխություններ դրանից ինքը չի սպասում:
Գալուստ Սահակյանը նշեց նաեւ, որ ինքն այդքան էլ հետաքրքրված չէ Հիլարի Քլինթոնի այցով եւ անգամ չգիտի, նա Ծիծեռնակաբերդ այցելելու է, թե` ոչ: «Այդպես խորությամբ չեմ հետաքրքրվել, եթե հետաքրքիր լիներ` կհետաքրքրվեի, կիմանայի, իսկ օրակարգում պարզապես հայ-ամերիկյան հարաբերություններ են: Մյուս սցենարներին տեղյակ չեմ: Այցի նպատակը ես ավելի շատ համարում եմ դիվանագիտական մթնոլորտ ստեղծելու պրոցես, քան կոնկրետ որևէ խնդրի անմիջական լուծում»,- ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով Չայլու գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը միջազգային հանրության մեղմ արձագանքին, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այդ արձագանքն իսկապես համարժեք չէր: Նրա խոսքով, եթե Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ Ադրբեջանին դատապարտող խոսք լիներ, դա որոշակիորեն կարող էր արագացնել բանակցային գործընթացը: Իսկ նման մեղմ արձագանքները հանրապետական գործիչը բացատրում է նրանով, որ աշխարհը նման դեպքերում առաջնորդվում է հավասարակշռման մեխանիզներով, ավելի շատ գերադասում է տնտեսական հավակնությունները, քան ժողովրդավարական արժեքները: Այդուհանդերձ, երեք նախագահների հայտարարությունը Գալուստ Սահակյանը առաջընթաց համարեց, քանի որ այնտեղ խոսք է գնացել նաեւ ինքնորոշման իրավունքի մասին:




























