Իրանի հետ համապարփակ համաձայնագիր կնքելու վրա ծախսված տարեկան ջանքերը չեն արդարացվել: ԱՄՆ-ն արդյունքում հայտարարել է եւս 7 ամսով միջուկային բանակցությունները երկարաձգելու մասին, փոխանցում է  The New York Times-ը:

Ըստ աղբյուրի՝ միջուկային  բանակցությունների կողմերը  հստակ ցուցումներ չեն տվել, թե ինչպես են հետագայում հաղթահարվելու քաղաքական խոչընդոտները, որոնք արգելափակել են գործարքը: Ըստ թերթի՝ բարձր մակարդակով դիվանագիտական երկարատեւ բանակցություններից հետո նույնիսկ շրջանակային համաձայնության հասնելու անկարողությունը հիասթափություն կդառնա Օբամայի վարչակազմի համար:

Պետքարտուղար Ջոն Քերրին լրագրողներին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում ծագել են մի շարք «նոր գաղափարներ»: Նա հավելել է, որ հիմարություն կլիներ լքել բանակցությունները: 

Միջուկային բանակցությունները երկարաձգելու պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել նաեւ վեցյակի համակարգող Քեթրին Էշթոնը եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Նրանք վստահեցրել են, որ Իրանը եւ «վեցյակը» կփորձեն համաձայնության գալ յոթ ամսից ավելի շուտ:   Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը  նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունները կարող են վերսկսվել տարբեր ձեւաչափերով՝ արդեն առաջիկա օրերին:  «Մենք բազմիցս ասել ենք, որ շահագրգռված չենք միջուկային զենք ստանալու հարցում: Մենք կարծում ենք, որ խաղաղ միջուկային ծրագիր ունենալու Իրանի իրավունքը ներառում է ուրանի հարստացում, եւ ես չեմ հավատում, որ որեւէ մեկը շարունակում է վիճարկել սա», - նշել է Զարիֆը:

Իրանի հետ վեցյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: