ԱՄՆ-ը հավատարիմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հուլիսի 4-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«ԱՄՆ-ը չի կարող լուծել հակամարտությունը, բայց կարող է օգնել կողմերի մերձեցմանը, որպեսզի նրանք պայմանավորվեն»,- ասել է Քլինթոնը, հավելելով, որ ԱՄՆ-ը կարող է երկու երկրների միջեւ բանակցությունների հարցում հանդես գալ որպես գործընկեր:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Բաքու այցելությունն սկսվել է այսօր` հուլիսի 4-ին: Այցելության ընթացքում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ադրբեջանական երիտասարդության ներկայացուցիչների հետ:

Պաշտոնական այցելության գտնվելով Ադրբեջանում ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի 4-ին այցելել է «Շահիդների ծառուղի» համալիր: Այսօր երեկոյան Քլինթոնը կուղեւորվի Երեւան, որտեղից Թբիլիսի կմեկնի արդեն հուլիսի 5-ին: