Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ԱՄՆ պետքարտուղարը Երեւանում է գտնվում Արևելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում:

Հանրապետության նախագահը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ասել է. «Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաեւ կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության եւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաեւ պետքարտուղարին Միացյալ Նահանգների Անկախության տոնի կապակցությամբ: «Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, բարօրություն եւ հետագա բարգավաճում»,- նշել է նախագահն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանն ու անձամբ Հիլարի Քլինթոնին «Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող քաղաքական, տնտեսական եւ տեխնիկական օժանդակության համար»:

Ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, թե իր համար մեծ պատիվ եւ հաճույք է գտնվել Հայաստանում, եւ հատկապես հաճելի է այսօր այստեղ գտնվել, երբ ԱՄՆ-ը նշում է իր Անկախության տոնը. «Վաղը նաեւ ձեր Սահմանադրության օրն է. եւս մեկ կապ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ»,- նկատել է նա: