Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ առեւտրային կապերը չի կորցնի Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի քննարկման ընթացքում:  Նա ընդգծել է, որ Հայաստանը ստիպված չի լինի վերանայել երրորդ երկրների հետ արդեն գործող առեւտրային պայմանագրերը:

Փոխնախարարը նշել է, որ առեւտրային կապերը Վրաստանի հետ հասել են գործնական առավելագույնի: Բայց Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն, իսկ Հայաստանը մտնում է Եվրասիական միություն: «Ավելի մեծ ինտեգրման հասնելը հնարավոր չէ, սակայն ներկայիս մակարդակն էլ, որը բավական բարձր է, չի տուժի: Չեն տուժի նաեւ Իրանի հետ կապերը, որի Հայաստանն առավել բարենպաստ ռեժիմ ունի», - նշելէ  Կարայանը:

Ըստ պաշտոնյայի՝ Հայաստանը կպահպանի նաեւ ԵՄ GSP+ արտահանման արտոնյալ ռեժիմը, որով հնարավորություն ունի ԵՄ արտահանել զգալի թվով ապրանքներ՝ զրոյական եւ հարկային ցածր մաքսատուրքերով:  «Տնտեսական համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա, մենք այժմ էլ շարունակում ենք շատ ակտիվ համագործակցել եւ պատրաստվում ենք իրականացնել խոշոր նախագծեր», - հավելել է Կարայանը: