Ադրբեջանական վերջին դիվերսիան, որին զոհ գնաց 4 հայ զինվոր, մեսիջ է ոչ թե հայկական կողմին, այլ Վաշինգտոնին եւ Անկարային։ Կլոր սեղանի ժամանակ նման միտք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը Քլինթոնի այցից առաջ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար արեց ամեն բան՝ սրանով իսկ ցույց տալով, որ նեղացած է Վաշինգտոնից։ Բացի այդ, ընդգծեց փորձագետը, Բաքուն վաղուց հասկացել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալելու լավագույն ձեւը նմանօրինակ դիվերսիոն գործողություններն են։ «Բաքուն նեղացած է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ ցանկանում է հակամարտության բանակցությունները դուրս բերել այդ ձեւաչափից։ Այսպիսով, Ադրբեջանը զայրացած եւ նեղացած է բոլորից՝ Անկարայից, քանի որ նրա կողմից դավաճանված է զգում իրեն, Վաշինգտոնից, քանի որ անտեսված է Սպիտակ տան կողմից»,- նկատեց փորձագետը։




























