ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հաղորդում է Asbarez-ը:

«Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս վկայում է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունների կարեւորությունը»,- ասված է հայտարարության մեջ: «Պետքարտուղարի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը հարգանքի տուրք է եւ արտացոլում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջընթացն ամենաբարձր մակարդակով»,- նշել է նա:

Իր հայտարարության մեջ նա կրկին կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իր հարեւանների հետ հարաբերությունները լավացնելու Հայաստանի պատրաստակամության ճանաչումը պետքարտուղարի կողմից եւ նրա աջակցությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը, հատկապես Ադրբեջանի կողմից վերջին հարձակումների համատեքստում, հավանության է արժանանում»,- ասել է կոնգրեսմենը:

NEWS.am-ը արդեն հաղորդել է, որ տարածաշրջանային այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարն այցելել էր Ցեղասպանության զոհերի հուշամալիր, իսկ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Քլինթոնը հայտարարել էր, թե գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, եւ պետք է նրանից կոնկրետ քայլեր ակնկալել: