Թեհրանում դեկտեմբերի 8-10-ին տեղի ունեցավ «Աշխարհը բռնության եւ ծայրահեղության դեմ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից նախաձեռնած եւ 2013թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ընդունված համանուն բանաձեւի կիրարկմանն ու բռնության, անհանդուրժողականության եւ ծայրահեղության դեմ պայքարում միջազգային համագործակցության մթնոլորտի ստեղծմանը:

Գիտաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով, բազմաթիվ այլ բանախոսների թվում, խստորեն դատապարտեց Սիրիայի եւ Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» եւ այլ ահաբեկչական խմբավորումների բռնությունը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ` շեշտելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Միաժամանակ նախարարի տեղակալը բարձր գնահատեց Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի նկատմամբ:

Գիտաժողովի շրջանակներում դեկտեմբերի 10-ին Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպություններում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր: