Ռուսաստան-Հայաստան մայրուղային գազատարի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը չի վաճառվելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Հայռուսգազարդ» ընկերության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մայրուղային գազատարը վաճառելու Վրաստանի իշխանությունների մտադրությունը:

«Հայռուսգազարդից» հայտնեցին, որ իրենք հարցը քննարկել են իրենց գործընկերների հետ եւ պարզել, որ վերահսկիչ փաթեթը չի վաճառվելու, իսկ բաժնետոմսերի մնացած մասը կարող է վաճառվել աճուրդի միջոցով: «Հայռուսգազարդը» նաեւ վերահաստատել է նախկինում NEWS.am-ին հայտնած կարծիքը, թե գազատարի վաճառքը չի կարող ազդել դեպի Հայաստան գազի առաքման վրա:

Ի դեպ, առայժմ տեղեկություններ չկան, արդյո՞ք ռուսական «Գազպրոմը», որ «Հայռուսգազարդի» հիմնական բաժնետերն է, մտադրություն ունի գնել գազատարը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է  տվել օրինագծին, որը ռազմավարական օբյեկտների ցանկից հանել է մայրուղային գազատարը, որով Ռուսաստանից Հայաստան գազ է առաքվում:

Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, հուլիսի 2-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել էր գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը լոնդոնյան բորսայում տեղադրելու հնարավորության մասին:

ԶԼՄ-ներում նաեւ տեղեկություն է տարածվել գազատարը գնելու Ադրբեջանի մտադրության մասին: