Հայ-իրանական տնտեսական նախագծերի իրականացումը կախված կլինի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունավետությունից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

Ըստ նրա՝ տնտեսական ոլորտում հայ-իրանական համագործակցության աշխուժացման հարցը ամենաանորոշն է, քանի որ առայժմ հստակ չէ՝ ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը։ «Կարծում եմ, որ նշված նախագծերի իրականացումը կախված կլինի դրանից։ Եթե մենք կարողանանք իրականացնել նախագծեր, որոնց մասնակցելու հայտեր վաղուց ենք ներկայացրել, ապա կարծում եմ, որ Իրանի հետ հարաբերություններում էլ դրական շարժեր կնկատվեն», - ընդգծեց   Ռուդիկ Յարալյանը։

Նշենք, որ այն բանից հետո, երբ Արեւմուտքը կրկին որոշեց խստացնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, այդ երկրում ֆինանսական որոշակի խնդիրներ են ծագել: Արժեզրկվել է ոչ միայն ազգային արժույթը, այլեւ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով   դանդաղել է  նախատեսված տնտեսական ծրագրերի իրականացումը: Դա անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Առավել եւս, որ իրականացվող երկկողմ տնտեսական նախագծերը հիմնականում  ֆինանսավորվում են Իրանի կողմից: Իրանում ծագած ֆինանսական խնդիրների եւ մի շարք այլ գործոնների պատճառով նախատեսված բոլոր նախագծերի իրականացումը ոչ միայն հետ է մնում ժամանակացույցից, այլեւ փաստորեն, հարկադրաբար դադարեցվել է: