«Հակահարված» խմբի անդամները որպես քաղաքական բողոքի ձեւ ընտրել են սթրիթ-արտը: Խմբի անդամներ Հերբերտ Գեւորգյանը եւ Արտակ Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ իրենց նախաձեռնությունն ստեղծվել է 2010թ. տեղի ունեցած մի դեպքից հետո, երբ ոստիկանները «Խնկո Ապոր» գրադարանի մոտ հարձակվեցին ակտիվիստների վրա, եւ նրանց դեմ քրեական գործ հարուցվեց:
«Դա եղավ դրդապատճառ, որպեսզի «Հակահարվածը» ստեղծվի: Հակահարված ենք հասցնում ռեժիմին: Ընտրել ենք մեզ համար հոգեհարազատ սթրիթ-արտը: Ճիշտ է՝ դա այնքան էլ ագրեսիվ հակահարված չէ, բայց ամենաէֆեկտիվ ձեւն է»,- պատմում են տղաները:
«Հակահարվածի» տղաների խոսքով՝ բողոքի իրենց ձեւը հավանության է առաջանում հանրության կողմից, սակայն ոստիկանները չեն ողջունում իրենց «արվեստը» եւ արագ տեղահանում են խմբի փակցրած քաղաքական բովանդակությամբ պաստառները:
«15 րոպեանոց արվեստ ենք անունը դրել, որովհետեւ 15 րոպեից ավելի չի մնում, պոկում են նկարները: Մի քանի գործեր են, որ մի քանի օր են մնացել, դրանք էլ սուր քաղաքական չէին»,- ասում են տղաները:
Հերբերտը եւ Արտակը խոստովանում են, որ գրեթե բոլոր աշխատանքները փակցնելիս ձերբակալվել են ոստիկանության կողմից:
«Միշտ տանում, երեք ժամ հետո բաց են թողնում: Մեկի համար գործը գնաց դատարան, դատարանը մեզ 50 հազար դրամ տուգանեց, իսկ մյուսների համար գործ հարուցվել է, բայց արագ կարճվել, գնացել են»,- պատմում են տղաները:
Տղաները խոստանում են դադարեցնել իրենց «հակահարվածը» միայն իշխանությունների հրաժարականի դեպքում՝ չկարեւորելով իշխանությունը ստանձնողի անձը:
«Մեզ համար կարեւոր է, որպեսզի լինեն արդար ընտրություններ, հասարակությունը ընտրի իր նախագահին, նախագահն էլ կառավարություն նշանակի»,- ասում է Հերբերտ Գեւորգյանը:
Խումբն ունի ընդամենը երեք անդամ։ Մինչ օրս «Հակահարված» խումբը քաղաքական գրություններով պոստերներ են փակցրել ԱԺ-ի, ԱԱԾ-ի, ՀՀ Ոստիկանության շենքերի պատերին եւ մի շարք այլ վայրերում:




















