Տասնյակ հայաստանցիներ, այդ թվում՝ լրագրողներ, այսօր՝ հունվարի 8-ին, առավոտից այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգելու ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի  խմբագրության զոհերի հիշատակը՝ մատիտներ, մոմեր եւ ծաղիկներ դնելով ցանկապատի մոտ:

NEWS.am-ի հետ զրույցում ֆրանսիացիներին իր զորակցությունը հայտնելու եկած քաղաքացիներից մեկն ասաց, որ իր կարծիքով՝ հունվարի 7-ի ահաբեկչությունը կրոնական հարված էր խոսքի ազատությանը:

Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցից փորձեցինք ճշտել, թե առավոտից քանի մարդ է այցելել իրենց, վերջինը կոնկրետ թիվ չնշեց, սակայն ավելացրեց՝ «շատ չեն, բայց եկողներ կան. գալիս ծաղիկ, մոմ, մատիտ են դնում, գնում են»:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին դիմակավոր անձիք ներխուժել էին մայրաքաղաքում գտնվող Charlie Hebdo պարբերականի խմբագրություն եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչի հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ հայտնի ծաղրանկարիչներ: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Պարբերականը հայտնի է իր ծաղրանկարներով: Վերջին անգամ աղմուկ էր բարձրացել, երբ պարբերականը հրապարակել էր Իսլամական պետության առաջնորդի ծաղրանկարը: