Իմ այցելությունը Երեւան շատ կարեւոր էր հատկապես Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։ Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ դերսաանուհի Կլաուդիա Կարդինալեն՝ հավելելով. «Հույս ունեմ, որ նորից կկարողանամ այցելել Հայաստան, բայց ավելի երկար ժամանակով»։

Հայաստանում դերասանուհուն ամենաշատը դժգոհեցնում է երեւանյան տապը։ Կարդինալեի խոսքերով, սակայն, հայերն ու իտալացիներն իրար նման են։

Հարցին, թե դերասանուհին արդյո՞ք կնկարահանվի հայաստանցի ռեժիսորների ֆիլմերում, եթե նման առաջարկ լինի, Կարդինալեն ասաց. «Եթե ֆիլմը լինի իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ապա այո»։

Ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանը, ով նշեց, որ Կլաուդիա Կարդինալեի այցը կարեւոր փուլ է հայ-իտալական հարաբերությունների մեջ։

Հիշեցնենք, որ Կլաուդիա Կարդինալեն Հայաստանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերով։ Երեկ փառատոնը բացվեց Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով, որի գլխավոր դերում խաղում է Կլաուդիա Կարդինալեն։ Ֆիլմի ընտրությունը պատահական չէր, որովհետեւ այս տարի լրանում է ֆրանսահայ ռեժիսորի 90 ամյակը։