Տեսանյութը՝ Asparez.am-ի ուղիղ եթերից

Վեց գյումրեցիների սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ հավաքված հազարավոր քաղաքացիները այսօր՝ հունվարի 14-ին, Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանին ստիպեցին իրենց ներկայությամբ, ուղիղ եթերում զանգահարել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ հստակ պատասխանել, թե ինչ լուծում է տրվելու Պերմյակովի գործին։

Ասլանյանը բոլորի ներկայությամբ զանգահարեց Կոստանյանին, ու հավաքվածներին փոխանցեց Կոստանյանը պատասխանը, ըստ որի, քրեական գործի ճակատագրի վերաբերյալ խորհրդակցությունները տեղի են ունենալու այսօր երեկոյան եւ վերսկսելու են վաղը առավոտյան ժամը 10-ին, ինչից հետո հանրությունը կտեղեկացվի որոշման մասին։

Ասլանյանը շարունակում է համոզել հավաքվածներին հեռանալ ռազմաբազայի տարածքից եւ գնալ դատախազության մոտ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: