Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Գյումրիում սպանված Ավետիսյանների հիշատակը հարգելով անորոշ ժամանակով հետաձգել են նախապես պլանավորված իրենց բողոքի երթը դեպի նախագահական նստավայր: Աշխատակիցները, որոնք այսօր՝ հունվարի 16-ին, երթ անցկացնելու փոխարեն հավաքվել էին գործարանի մոտ, NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք միանում են սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու՝ քաղաքացիների պահանջին:
«Հարգում ենք մեր հայրենակիցների վիշտը: Նրանց վիշտը մեր վիշտն է, մի քիչ ամոթ կլիներ, եթե մեր փողն ուզեինք էս վշտի պահին: Այստեղ կանգնել, հարգում ենք: Ոնց որ Ազատության հրապարակում են կանգնում, հարգում գյումրեցիների վիշտը, մենք էլ այստեղ ենք կագնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Սեդա Մատինյանը՝ նշելով, որ իրենք երթեր չեն անցկացնի այնքան ժամանակ, մինչեւ Գյումրիում ստեղծված իրավիճակում որոշակի պարզություն չլինի։
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:











