Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի միակ փրկված անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի վիրահատության բարդություններ չեն առաջացել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատությունից հետո լրագրողներին ասաց վիրահատությանը մասնակցած, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

«Ամեն ինչ ստացվեց՝ ինչպես պլանավորված էր։ Կատարել ենք գլխուղեղի փորոքների դրենավորում: Հիվանդների մոտ տրավմայից հետո լինում է ուղեղի հեղուկի շրջանառության խանգարում, քանի որ գանգի մեջ հավաքվում է ավելորդ հեղուկ, որը մենք կոչում ենք ողնուղեղային հեղուկ, որն էլ մեծացնում է ներգանգային ճնշումը՝ բերելով ուղեղի արյան շրջանառության խանգարման, եւ կարող է լինել ուղեղի վնասման պատճառ՝  հանգեցնելով մահվան կամ հաշմանդամության։ Դրանից խուսափելու համար մենք, չնայած երեխայի ծանր վիճակին, արեցինք այդ վիրահատությունը»,- ասաց Վիլյամ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ վիրահատության մասին որոշումը կայացվել է առաջատար վիրաբույժների հետ խորհրդակցության արդյունքում։

Ըստ Վիլյամ Խաչատրյանի՝ երեխայի հետագա հաշմանդամության հնարավորություն դեռ կա, եւ իրենց խնդիրն է այսօր նաեւ նվազագույնի հասցնել դրա հավանականությունը։ Ըստ նրա, ի սկզբանե, Սերյոժան ունեցել է նաեւ այլ վնասվածքներ, որոնք նույնպես կարող են հանգեցնել հաշմանդամության։

Պրոֆեսորի խոսքով՝ սա այնպիսի վիրահատություն էր, որին փոքրիկը կարող էր եւ չդիմանալ, բայց նա դիմացավ. «Պինդ փոքրիկ է»։

Պրոֆեսորն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ հիվանդանոցում արվել է առավելագույնը. «Համոզված եմ, որ աշխարհի որեւէ այլ կլինիկայում ավելին չէր արվի»։

Վիլյամ Խաչատրյանը չբացառեց հետագայում այլ վիրահատությունների անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժայի վիրահատությունը տեւել է մոտ 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: