«Հայկական ընդդիմությունն այսօր էլ համախմբված է եւ միացյալ ջանքերով պայքարում է գործող կառավարող վարչախմբի դեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ընտրությունների նախաշեմին ընդդիմության համախմբման անհրաժեշտության մասին:

«Այսօր ընդդիմադիր 18 կուսակցություններ եւ մի շարք հասարակական կազմակերպություններ համախմբվել են Հայ ազգային կոնգրեսի կազմում եւ համատեղ պայքարում են իշխանափոխության համար: Այնպես որ այդ իմաստով որեւէ խնդիր չկա»,- նկատել է նա:

Մեկնաբանելով Հովհաննիսյանի հայտարարությունը, թե 2008թ. մարտի իրադարձությունների համար հավասար պատասխանատվություն են կրում Հայաստանի բոլոր երեք նախագահները, Կարապետյանն ընդգծել է, թե դրա մեղքն ամբողջությամբ ընկած է գործող իշխանոթյունների վրա, քանի որ ընդդիմությունը՝ իր առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ միայն խաղաղ գործողություններ է անցկացրել, որոնք արժանացել են իշխանությունների բռնի արձագանքին: «Մարտի 1-ի համար Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել է Կարապետյանը:

Խոսելով այն մասին, որ «Ժառանգության» առաջնորդը պահանջել էր օրենքի ողջ խստությամբ պատժել երեք նախագահներին, նաեւ պաշտոնատարներին, ովքեր հարստացել են ժողովրդի հաշվին՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման արդյունքում, եւ սեփականաշնորհել նրանց ունեցվածքը, Կարապետյանը նշել է. «Հովհաննիսյանի այդ խոսքերը չեն կարող հասցեագրված լինել Տեր-Պետրոսյանին կամ նրա թիմի անդամներին, քանի որ ՀՀՇ իշխանության տարիներին ոչ մի պաշտոնյա միլիոնատեր չի դարձել ժողովրդի ունեցվածքի թալանի կամ լիազորությունների չարաշահման հետեւանքով: Իհարկե որոշ դեպքեր կարող են լինել, բայց դա լինում է բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք: Առնվազն, ՀՀՇ կառավարման տարիներին բնակչության թալանը զանգվածային եւ կազմակերպված բնույթ չի կրել, ինչպես այսօր»: