Հարկավոր է մտածել տարածաշրջանի խնդիրները Հայաստանի եւ Իրանի մասնակցությամբ պարբերաբար քննարկելու մեխանիզմի ստեղծման մասին, հայտարարել է Վրաստանի արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն:
«Հարկավոր է մտածել տարածաշրջանի խնդիրները Հայաստանի եւ Իրանի մասնակցությամբ պարբերաբար քննարկելու մեխանիզմի ստեղծման մասին: Հայաստանը Հարավային Կովկասում ամենամեկուսացած երկիրն է եւ Ռուսաստանից ամենաշատ կախում ունեցողը: Հակամարտությունների աճն ու տարածումը թույլ տալու փոխարեն մեր պետությունները պետք է Հարավային Կովկասի ռազմավարություն մշակեն», - «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի հետ զրույցում հայտարարել է Թեդո Ջափարիձեն:
Նա նաեւ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային:
«Մեզ համար կարեւոր մարտահրավերներից է, Աստված հեռու տանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերսկսումը: Ի՞նչ կարող է անել Վրաստանը: Օրինակ՝ տարածք առաջարկել բանակցությունների եւ քննարկումների համար: Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները կարող են գնահատել հանդիպման նման վայրը, որը կախված չէ եվրոպացիներից, ամերիկացիներից կամ ռուսներից: Իր հերթին ԱՄՆ-ն եւ Եվրոպան, հավանաբար, բարյացակամ կվերաբերվեն Վրաստանի աջակցությանն այդ հարցում, տարածաշրջանի միջավայրը բարելավելու մեր ցանկությանը», - ասել է Թեդո Ջափարիձեն:




























