«Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը տեղյակ չէ, թե ով կամ ինչու է այսօր՝ հունվարի 20-ին, նռնակ կախել իր տան դարպասից

NEWS.am-ի թղթակցի զրույցում Բագրատ Նավոյանը հայտնեց, որ փորձաքննությամբ միայն պարզ կլինի՝ հայտնաբերվածը նռնակ է, թե ոչ: Մեր հարցին, թե ինչու է հատկապես իր հետ նման դեպքեր պատահում, ֆուտբոլային ակումբի սեփականատերը բարկացավ. «Սիրուն տղա եմ, դրա համար, ես ի՞նչ իմանամ: Երեւի մեկն ինձնով հետաքրքրված է»:

Բագրատ Նավոյանը, այնուամենայնիվ, ոչ ոքի չի կասկածում:

Նշենք, որ 2014թ.-ի նոյեմբերին էլ անհայտ անձինք կրակել էին Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա: Մուտքի դռան եւ պատուհանի վրա հրազենային վնասվածքներ էին հայտնաբերվել: Այդ ժամանակ էլ Բագրատ Նավոյանը հրաժարվել էր մեկնաբանել կատարվածը

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ: Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ: Փրկարարները վնասազերծել են նռնակը եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: