Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ալմաթայում հուլիսի 16-17-ը ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ ասուլիսում:

«Եթե նման հանդիպումը կայանա, պետք է իմանանք՝ պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը շարունակել բանակցությունները Սանկտ-Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակի հիման վրա, ինչի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է Նալբանդյանը՝ հավելելով, որ մյուս ֆանտազիաներին արդեն պատասխանել է՝ ի դեմս իր տեղակալ Շավարշ Քոչարյանի:

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մերժում է առ այսօր եղած բոլոր պայմանավորվածություններն ու առաջարկները, այդ թվում՝ Մադրիդյան, հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծից դիպուկահարների դուրսբերման: «Այնպես որ հանդիպումը մեծապես կախված է՝ կընդունի՞ արդյոք Ադրբեջանը Սանկտ-Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը»,- նկատել է Նալբանդյանը:

Խոսելով Ադրբեջանի վերջին նախաձեռնության մասին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում առաջ մղել Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւը, Նալբանդյանը նշել է, որ դա բացասաբար կազդի Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա: «Ընդ որում, այդպես կարծում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ խնդրի կարգավորմանն աջակցող երկրները»,- նկատել է նախարարը:

Նշենք, որ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին խուսափեց Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին հարցից: