Լեհաստանը մտադիր է առաջիկայում մեղմացնել վիզային ռեժիմը Հայաստանի հետ, իսկ ապագայում անգամ վերացնել այն: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Նրա խոսքով, խոսքն առայժմ գնում է ազգային վիզային ռեժիմի մեղմացման մասին, քանի որ Շենգենի վիզայի դեպքում դա փոքր-ինչ բարդ է:
Սիկորսկին խոստացել է, որ արդեն մոտակա շրջանում իջեցվելու են վիզաների գները Հայաստանի քաղաքացիների համար: Երկկողմ կապերի ակտիվացման համար նախարարն ընդգծել է նաեւ Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ ավիափոխադրման կարեւորությունը: Նա նկատել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ կա:
Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նաեւ հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված է եւ պատրաստ է մեղմացնել վիզային ռեժիմը Լեհաստանի եւ ԵՄ այլ երկրների հետ: Նա նաեւ ընդգծել է, թե երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար լավ իրավապայմանագրային հիմք կա:




























