Էր-Ռիադում տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բին Աբդել Ազիզ Սաուդի թաղումը։ Միապետի հետ հրաժեշտի սգո հանդիսությունը տեղի է ունեցել Էր-Ռիադի գլխավոր մզկիթում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը հանգուցյալի մարմինը փաթաթված է եղել ոսկեգույն պատանքով։

Սգո արարողությանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը։

Էլ-Ռիադ են ժամանել նաեւ Քուվեյթի էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը, Քաթարի էմիր Համադ բեն Հալիֆա Ալ Տանին, Օմանի վարչապետ Ֆահդ բեն Մահմուդ Ալ-Սալիդը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը։

Սաուդյան թագավորի մահվան կապակցությամբ Հորդանանը, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ պաղեստինյանը տարածքները սուգ են հայտարարել։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի լույս առավոտյան մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որի 90-ամյակը լրացել էր անցյալ տարի: Երկրի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ գահը զբաղեցրել է  թագաժառանգ Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ արքայազնը: Նա  առաջին միապետ Աբդել Ազիզի 25-րդ որդին է՝ Հասի աս-Սուդաիրի արքայադուստերից: Գահաժառանգի տիտղոսն այժմ ստացել է արքայազն Մաքրինը:

Վերջին  40 տարիներին երկրի  կառավարությունն ավադաբար  ղեկավարում է անձամբ  թագավորը, ժառանգորդը  նշանակվում է  նրա  առաջին  տեղակալ: