Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հայտարարությամբ ապացուցում է, որ տգիտությունը սահմաններ չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ալիեւի այն հայտարարությունը, թե «առանց Ադրբեջանի համաձայնության՝ անհնար է Ղարաբաղին որեւէ կարգավիճակ տրամադրել, եւ այս հարցը բանակցությունների անբաժանելի մասն է կազմում»:

«Ադրբեջանի չկայացած սուլթանին տեղեկացնեմ, որ «ինքնորոշման իրավունք»   նշանակում է, որ տվյալ ժողովուրդը  պետք է որոշի իր ճակատագիրը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը  բացառում է, որ մի ժողովուրդ որոշի մեկ այլ ժողովրդի փոխարեն»,- նշել է Շարմազանովն ու հավելել. «Եթե ինչ-որ մեկն Ալիեւի եւ իր պետության փոխարեն մինչ օրս որոշումներ է կայացնում, ապա դա չի նշանակում, որ ինքը կամ իր ցեղակիցները կարող են որոշել Արցախի փոխարեն»:

Ըստ պատգամավորի՝ դա «կարող է անել միայն Արցախի ժողովուրդը, որը վաղուց որոշել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»: