Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել հունվարի 19-ին Երեւանի Աբելյան փողոցում տեղի տեղի ունեցած սպանության մասին:
Պարզվել է, որ սպանված երիտասարդն ու դանակահարվածը հունվարի 19-ին կեսգիշերն անց Աբելյան փողոցներից մեկում մի աղջկա էին փնտրում, երբ պատահաբար թակել են Գագիկ Աբրահամյանի բնակարանի դուռը: Երիտասարդների եւ բնակարանի տիրոջ միջեւ սկսված խոսակցությունը քիչ անց վերածվել է վիճաբանության, այնուհետեւ Գագիկը դանակահարել է երկու երիտասարդներին եւ դիմել փախուստի:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Գագիկ Աբրահամյանը նույն օրը երեկոյան ներկայացել է բաժին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Նշենք, որ հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Աբրահամյանը դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք եւ 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի եւ դեմքի շրջաններին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











