Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կհայտարարի, որ Ղարաբաղը չի կարող լինել իր կազմից դուրս, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց դեռ չի լինի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցության «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«ԵԱՀԿ ԱԳ ՆԽ գագաթնաժողովը Ալմաթայում ուղղակի առիթ է հանդիպման համար, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները մասնակցելու են դրան»,- նկատել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 16-17-ը Ալմաթայում կայանալու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի իրենց գործընկերների մասնակցությամբ: