Անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, թե ոչ, դերասան Վարդան Պետրոսյանը ապրիլին արդեն տանը կլինի: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատական նիստից հետո լրագրողներին ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինքը համաձայն չէ առաջին ատյանի դատարանի վճռի հետ եւ վստահ է, որ տուժող կողմը նույնպես դժգոհ կմնա: (ֆոտոռեպորտաժ)

«Գիտենք, որ շուտով ենթադրաբար կլինի համաներման ակտ, որը կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել եւ Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից ազատ արձակել: Այսինքն՝ ապրիլին նա բոլոր դեպքերում ազատության մեջ կհայտնվի՝ անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի վճիռը, թե ոչ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ իրենք արդեն դիմել են ՀՔԾ՝ քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման եւ անգործության փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով, եւ այդ գործով առաջին նիստը փետրվարի 2-ին է նշանակված:

«Իմ կարծիքով՝ դատաավտոտեխնիկական փորձաքննություն կնշանակվի: Այդ արդյունքներն ունենալուց հետո միայն մենք կվիճարկենք առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ասաց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանը կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ մինչեւ դատավճռի հրապարակումը ինքն արդեն ուներ Վարդան Պետրոսյանի համաձայնությունը, որ ինչպիսին էլ վճիռը լիներ, իրենք այն չէին բողոքարկելու. «Անգամ եթե 10 տարի լիներ դատավճիռը, չէինք բողոքարկելու: Պատճառն այն է, որ Վարդան Պետրոսյանը դրսում կլինի, ազատ կլինի, այլ քրեական գործով մենք կշարունակենք պայքարը եւ ցույց կտանք, որ որոշ ապացույցներ ձեռք են բերվել օրենքի խախտմամբ»:

Փաստաբանը կանխատեսելի համարեց դատարանի որոշումը՝ մերժել տուժող կողմի ներկայացրած քաղհայցը՝ հօգուտ իրենց Վարդան Պետրոսյանից հասցված վնասի համար գումար գանձելու վերաբերյալ: Հօգուտ գյուղնախարարության՝ «Նիվա» ավտոմեքենային հասցված վնասի համար Վարդան Պետրոսյանից 1 միլիոն 200 հազար դրամ գումար գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դատարանի որոշումը Նիկոլայ Բաղդասարյանն  անտրամաբանական համարեց՝ նշելով, որ դատարանը, փաստորեն, 600 հազար դրամով ավելի քիչ գնահատեց մեքենայի արժեքը (ապահովագրական ընկերությունն այն գնահատել էր 1 մլն 800 հազար դրամ):

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», եւ դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am