Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին գումարային գործարք չի առաջակել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատավճիռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց դերասանի քույրը։
«Մենք իրենց հետ հանդիպել ենք, մարդկային լեզվով խոսել ենք, եւ ամեն հանդիպումից հետո՝ հինը, հինը, թե Վարդանը պետք է 10 տարի նստի, ինչ-որ թվերի մասին էին խոսում, իսկ նման գործարք մենք ընդհանրապես երբեք իրենց չենք առաջարկել»,- ասաց Աշխեն Պետրոսյանը։
Դերասանի քույրը հաստատեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի այն հայտարարությունը, որ պաշտպանական կողմը Վերաքննիչ բողոք չի ներկայացնի։
«Այս մեկը չենք բողոքարկելու, մենք Եվրադատարանում բողոքարկել ենք ձերբակալությունը եւ կալանքը»,- ասաց Վարդան Պետրոսյանի քույրը։
Վարդան Պետրոսյանի քրոջ խոսքով՝ այս դատական գործում հանրային լայն մասնակցությունը օգնեց, որպեսզի իր եղբայրը տեսնի, թե որքան մարդ է կանգնած իր կողքին։
«Չեմ կարծում, որ որևէ բանով օգնեց, ուղղակի մենք եւ Վարդանը տեսանք, թե որքան մարդ կա կանգնած իր կողքին։ Սկզբում վախենում էինք դռնփակ նիստերից, քանի որ ամեն ինչ անընդհատ կեղծիքով էր գնում, բայց լրատվամիջոցների լուսաբանումը մի բանի ծառայեց, որ գոնե բաց եղավ այս ամեն ինչը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», եւ դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:











