Երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով այնտեղ մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից հետո, սա հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովի առաջին նիստն է:
ՏՄՊՊՀ նախագահը ԵՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ քննարկել է մի շարք ոլորտներին վերաբերող առարկայական խնդիրներ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է միջազգային ռոումինգ ծառայություններ մատուցող ընկերությունների գնային քաղաքականությանը: Ըստ ուսումնասիրությունների, բջջային կապի ոլորտում գործող ընկերությունները տեղական սակագների համեմատ մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր գներ են սահմանում ռոումինգի ժամանակ: Հանդիպման ընթացքում կայացվել է որոշում՝ նշված ոլորտը ուսումնասիրելու վերաբերյալ: Չհիմնավորված գներ կիրառող ընկերությունների հանդեպ կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ:
Ավիափոխադրումների ոլորտի գնային քաղաքականությունը եւս կլինի ՏՄՊՊՀ դիտակետում Հանդիպման օրակարգում է եղել նաեւ ավիափոխադրումների ոլորտը, որտեղ եւս կա կարգավորման անհրաժեշտություն: Ուղեւորափոխադրումների սակագները հաճախ միեւնույն տարածության համար միմյանցից էականորեն տարբերվում են: Գնային անհամապատասխանությունների կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների հետ կապված՝ Հայաստանի մրցակցային մարմինը ԵՏՄ անդամ երկրների գործընկերների հետ համատեղ կիրականացնի գնագոյացման ուսումնասիրություն:
Հանդիպման գլխավոր թեմաներից են եղել նաեւ պարարտանյութերի շուկայի եւ զուգահեռ ներմուծումների ոլորտի կարգավորման հարցերը: Որպես զուգահեռ ներմուծումների համակարգը լավագույնս կիրառող երկիր նշվել է Հայաստանի փորձը:
Ա. Շաբոյանը գործընկերների հետ քննարկել է նաեւ ապրանքների արտահանման եւ ներմուծման ժամանակ տնտեսվարողների միջեւ հավասար պայմանների ապահովմանը եւ հնարավոր մրցակցային խնդիրների կանխարգելմանն առնչվող հարցեր:




























