Շուտով կստեղծվի աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա։ Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչ, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
«Ասոցիացիայի ստեղծման նպատակն այն է, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայ ռեժիսորի, որն ունի օգնության կարիք եւ միայնակ է զգում, որը չունի հարուստ հայրիկ եւ ճարպիկ չէ ֆինանսավորում գտնելու հարցում, օգնեն՝ անցնելու ռեժիսորի բարդ ճանապարհը»,-ասաց Խաչատրյանը։
Ասոցիացիա ստեղծելու գաղափարը կանադահայ ռեժիսոր Ատոմ էգոյանի, Ալեն Թերզյանի, Սերժ Ավետիքյանի եւ Հարություն Խաչատրյանինն է։
Կազմակերպության ֆինանսավորումը նախնական շրջանում իրականացվելու է հենց նախաձեռնողների կողմից, սակայն, «Ոսկե ծիրանի» տնօրենը նշեց, որ ջանք չի խնայի, որպեսզի Մշակույթի, Սփյուռքի նախարարները եւ վարչապետը եւս իրենց ներդրումներն ունենան այս նախագծում։
Ասոցիացիայի կենտրոնը լինելու է Հայաստանում, սակայն այն իր մասնաճյուղերն ունենալու է աշխարհի տարբեր երկրներում։
«Ալեն Թերզյանը կղեկավարի ֆրանսիական մասը, Ատոմը Էգոյան՝ կանադականը, մյուսներն էլ մնացած ճյուղերը»,-նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ թե ասոցիացիան մեծ ապագա կունենա։




























