Վերջին օրերին Երեւանում էր գտնվում լեհ գործարարների բավական մեծ պատվիրակություն, իսկ հուլիսի 1-ից «Լեհական ավիաուղիները» գործարկել է Երեւան-Վարշավա-Երեւան չվերթը։ Օգտվելով առիթից՝ NEWS.am-ը մի քանի հարց ուղղեց «Լեհական ավիաուղիների» կոմերցիոն բաժնի տնօրեն Լաշեկ Նարովսկուն։
Երեւան –Վարշավա չվերթը արդեն շահագործվում է «Արմավիայի» կողմից։ Դուք «Արմավիայի» հետ մրցակիցնե՞ր եք, թե՞ գործընկերներ։
Մեր տեղեկություններով՝ «Արմավիան» դադարեցրել է չվերթները, համենայնդեպս բավականին ուշացումներ են տեղի ունենում։ Ոչ միայն ուշացումներ, այլեւ չեղյալ են հայտարարվում չվերթները։ Այսօր մենք միակն ենք, որ Երեւան-Վարշավա կանոնավոր չվերթ ենք առաջարկում։
Լեհական ավիաուղիները հայտարարել է դեպի Արեւելք ընդարձակվելու ծրագրերի մասին։ Արդյո՞ք համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի խոչընդոտում ձեր պլաններին։
Իհարկե՝ համաշխարհային ճգնաժամն ազդել է ոչ միայն «Լեհական ավիաուղիների», այլեւ բոլոր ավիաընկերությունների վրա։ Բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է ընդլայնել չվերթները, չնայած ներկա պահին իրականացնում ենք 50 չվերթներ՝ եվրոպական ուղղություններով, եւս 38 չվերթ՝ դեպի ամերիկյան մայրցամաք։ Մենք Արեւմտյան կողմում ունենք շատ «երկար ոտք», հիմա փորձում ենք արեւելյան կողմում «երկար ոտք» ստեղծել։ Մրցակցությունը Արեւելյան կողմում շատ ավելի թույլ է, քան Արեւմտյան կողմում։
Անդրկովկասում առաջինը բացեցիք երեւանյան ուղղությունը։ Ինչո՞վ Երեւանը ավելի նախընտրելի էր մյուս քաղաքներից։
Մենք վերլուծել ենք շատ տարբերակներ, ու Երեւանը լավագույն արդյունքներ ցույց տվեց։ Երեւանից առաջին թռիչքը կատարեցինք հուլիսի 2-ին՝ «Էմբրայեր» ինքնաթիռով, սակայն 2-3 թռիչք հետո ստիպված փոխեցինք ինքնաթիռը ավելի մեծով։ Հաջորդը կլինի Թբիլիսին, այնուհետեւ կունենանք Դամասկոսը եւ Բեյրութը։
Հնարավո՞ր է, որ Երեւանն օգտագործեք որպես միջանկյալ կետ՝ այլ երկրներ թռչելու համար։
Այո, բայց նախ ուզում ենք Վարշավան դարձնել միջանկյալ կետ՝ դեպի Արեւելք թռչելու համար։ Հնարավոր է՝ Երեւանը ընտրենք այլ քաղաքներ թռչելու համար։




























