Նախագահի ելույթը կոպիտ չէր, այն ինչ-որ առումով, երկար սպասված էր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատությանը։
«Չեմ ուզում օգտագործել «ուշացած» արտահայտությունը։ Դա գնահատական էր այն երեւույթներին, որ Հայաստանում գոյություն ունեն։ Մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ Հայաստանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բազմաթիվ անարդարություններ, երեւույթներ, բայց այդ երեւույթների դեմ պայքարելու ճիշտ ճանապարհը բացարձակապես այն տիրապետող եւ քարոզվող անգրագիտությունը չէ եւ այդ անգրագիտության վրա ձեռքերը տաքացնող քաղաքական հաշվարկները չեն»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանը վաղուց ինքնուրույն պետք է հետեւություններ աներ իր գործողությունների վերաբերյալ. «Բոլորիդ ակընդետ հայացքի ներքո եղել է այն, ինչ տեղի է ունեցել։ Եթե ինքը պատրաստ է քաղաքական պայքարի, ապա մենք կտեսնենք իրեն քաղաքական դաշտում, կհասկանանք, Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս քաքաղաքական գործիչ է, իսկապես կայուն կարծիքներ ու տեսակետներ ունի»։
«Հայաստանում քաղաքականության մեջ անգրագիտությունը մեկընդմիշտ պետք է իր տեղը կայուն զիջի։ Որեւէ կուսակցությունում, եթե կան նման անգրագետներ, խոսքը վերաբերում է բոլորին, այդ թվում նաեւ մեզ մոտ կարող են լինել։ Երկար ժամանակ բոլորս հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ վերամբարձ խոսքեր, արտահայտություններ, հայտարարություններ, նույնիսկ դրանց իմաստը չհասկանալով ասվել են»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։
Հարցին՝ արդյոք, նախագահի հայտարարությունը ճնշում չէր Ծառուկյանի նկատմամբ, պատգամավորն ասաց. «Գագիկ Ծառուկյանն ուժեղ անձնավորություն է, կդիմանա ճնշմանը»։
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։











