Քաղաքական դաշտը մարդկանց տալիս են գաղափարի համար, չեն տալիս, որ ով, ինչ ուզի, անի: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին իր ելույթում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գենարալ Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քննադատող Սերժ Սարգսյանի ելույթին:

«Քաղաքական դաշտը մարդկանց տալիս են գաղափարի համար, չեն տալիս՝ ով, ինչ ուզենա անի, միլիարդատեր դառնա, ասի՝ էսի սենց չի, նենց ա, ոնց որ իրանց պապերը Մանթաշովի թոռներն են եղել: Իրոք, մարդիկ դեմքն ու դեպքը խառնել են իրար, էն ոսկե ձկնիկի պատմությունն է եղել: Դոդի Գագոն եկել, ազատամարտիկների ճամբարներ է արդեն սարքել, մեկի փոխարեն երկու հատ բացեց: Երբ որ մի հատ բացեց, ես դիմեցի հանրապետության նախագահին, Սեյրան Սարոյանը, Հովիկ Աբրահամյանը միջամտեցին, որ՝ այ տղա, դու քո գործով զբաղվի, թե հիմի սպորտսմեն էր էն վախտ, թե քաղաքական գործիչ էր, ես մինչեւ հիմի բիթի էլ չեմ։ Վերջը էդ մարդը տեղը չբերեց, մի երկու օր առաջ էլ ժողովի վախտ քնավ, էն բայուշկեն երգեց, հետո էլ ցույց են տվել, յանի էն Ծաղիկ Ռուբոն էլ ֆիդային ա, 1992թ. իրա ախպորը թողեց, փախավ, 1992-ից հետո սկի Ղարաբաղի տեղն էլ չեն իմացել դրանք, չեմ ուզում ուրիշ բաներ ասել»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանի խոսքով՝ ԲՀԿ-ականները ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ երկիրն են աղավաղել:

«Մենք էս երկրում անկախության տերերն ենք, իմ երկու եղբայրների, ընկերների արյունը Ղարաբաղում դեռ չի  չորացել, իսկ դրանք խաղում են: Ես ուզում եմ վստահեցնեմ ձեզ, որ էս երկրի անկախությանը ով փորձի վնասի, միանշանակ պոլնի պատասխանատվություն պիտի կրի: Համ չագուչն ա ձեր ձեռը, համ մեխը, համ նալը. ոնց ուզում եք, օգտագործեք»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ԵԿՄ-ն միանշանակ Հանրապետական կուսակցության կողքին է:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ ԱԺ-ում գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։