2015 թվականին հայկական ձկնաբուծական «Յունիֆիշ» ընկերությունը պատրաստվում է ԱՄՆ 4-5 տոննա սեւ խավիար արտահանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Յունիֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Նրա խոսքով, ընկերությունը Միացյալ Նահանգներ խավիարի փորձնական խմբաքանակ է ուղարկել, որը հավանության է արժանացել ե՛ւ պատվիրողի, ե՛ւ FDA-ի (ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի վարչություն) կողմից: Դրանից հետո ամերիկյան շուկա 100 կգ խավիարի առեւտրային խմբաքանակ է ուղարկվել:
Հիմա արդեն ընկերության մատակարարը՝ «Յունիֆիշ USA»-ը, ամսական 500 կգ խավիարի պատվեր ունի խանութներից, ռեստորաններից եւ մասնավոր անձանցից: «Պատվերների պակաս չի լինի, մնում է միայն արտադրել եւ ուղարկել»,- հավելեց Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերության ձկնեղենի փորձանմուշները դրական եզրակացություն էին ստացել Չինաստանում եւ Ավստրալիայում, ինչպես նաեւ Մալազիայում, Սինգապուրում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում:





























