ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների տարածած հայտարարությունից ակնհայտորեն երեւում է, որ Ղազախստանում հատկապես Ադրբեջանի հասցեին լուրջ հանդիմանանքներ են հնչել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով, համանախագահող երկրների պատվիրակները հիշեցրել են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Աթենքում ընդունված հայտարարության հիման վրա։ «Եթե ԵԱՀԿ երկրների արտգործնախարարները մի բան են հիշեցնում, նշանակում է՝ կողմերը իրական ճանապարհից շեղվել են, եւ բնականաբար, դժվար չէ ենթադրել, որ այս ուղերձի առաջին հասցեատերը Ադրբեջանն է»,- համոզմունք հայտնեց Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքով, հատկանշական է նաեւ պատվիրակության ղեկավարների պնդումը, որ հակամարտության կարգավորման շրջանակը շարադրված  է Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի՝ 2009թ. հուլիսի 10-ին իտալական Աքվիլայում արված եւ այս տարվա հունիսի 26-ին Մասկոկում կրկնած հայտարարության մեջ։ «Սա նշանակում է, որ Ադրբեջանին մեկ անգամ եւս հասկացրել են, թե որքան էլ նա այլ լուծումներ ակնկալի, միեւնույնն է, շրջանակը սա է լինելու։ Պատահական չէ, որ համանախագահող երկրների արտգործնախարարները շեշտել են, որ ցանկացած փորձ՝ առանձնացնել մի քանի էլեմենտ, անհնարին կդարձնի հակամարտության հավասարակշիռ լուծումը։ Սա, կարծում եմ, հիասթափություն է ադրբեջանական կողմի համար, որը միջազգային իրավունքը ընտրանքային մեկնաբանությունների է ենթարկում»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր այս նկատողությունները եւ հիշեցումներն առավելապես Ադրբեջանին են վերաբերում։ «Նկատողություն արվել է նաեւ Հայաստանին, ի դեմս հայտարարության այն հատվածի, ուր ասվում է, որ հայկական կողմը հանրային հայտարարություններում պետք է ավելի զգույշ լինի, ինչն, ակնհայտորեն, վերաբերում է Հայաստանի արտգործնախարարի վերջին կոշտ եւ բավական խիստ ելույթին»,- կարծիք հայտնեց «Ժառանգության» ներկայացուցիչը։

 «Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներն այնքան էլ գոհ չեն հակամարտող կողմերի՝ հակամարտության լուծման համար մինչ այժմ գործադրած ջանքերից»,- ամփոփելով՝ նկատեց Սաֆարյանը։ 

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 17-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը Ալմաթայում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել: