Հայոց Համազգային Շարժումը բարձր է գնահատում Հայ Ազգային Կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունների դերը, որոնց հետ պատրաստ է համաքայլ ընթանալ մինչեւ հայ ժողովրդի առջեւ կանգնած առաջնահերթ կենսական խնդիրների իրականացումը՝ ասված է ՀՀՇ 16-րդ համագումարում ընդունված բանաձեւում: «ՀՀՇ համագումարն ամբողջությամբ հավանություն է տալիս կուսակցության հաշվետու շրջանի գործունեությանը, կարեւորում նրա մասնակցությունը Համաժողովրդական շարժմանն ու անդամակցությանը Հայ Ազգային Կոնգրեսին:
Համագումարը գտնում է, որ ՀԱԿ-ն այն քաղաքական ձեւաչափն է, որը բռնապետական, ոչ լեգիտիմ իշխանության դեմ պայքարը տանում է ամենաարդյունավետ ճանապարհով: Այն կարողացել է պահպանել ու բազմապատկել Շարժման իրական պոտենցիալը, բարձրացնել հասարակության քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, ստեղծել քաղաքացիական հասարակության ամուր մի կորիզ՝ սահմանադրական կարգի վերականգնման այսօր առկա միակ գրավականը»,-մասնավորապես նշված է բանաձեւում:
Դրանում ասվում է նաեւ, որ համագումարը, որպես ՀՀՇ գերագույն մարմին, հանձնարարում է ՀՀՇ վարչությանը, Հանրապետական խորհրդին, կուսակցության բոլոր ստորաբաժանումներին՝ շարունակել եւ ակտիվացնել պայքարը ՀԱԿ-ի կազմում՝ որպես քաղաքական օրակարգի առաջին խնդիր ունենալով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը:



























