Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի դստեր՝Մեյմունե Դավութօղլուի եւ Ստամբուլի առեւտրի պալատի փոխնախագահ Դուրսուն Թոփչուի որդու հարսանեկան արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն է հանձնել ամուսնության վկայականը։

Թուրքական Habervakti-ի փոխանցմամբ՝  նախագահ Գյուլը շնորհավորական խոսքի վերջում հայտնել է, թե Թայիփ հորեղբայրը նորապսակներին ցանկանում է խորհուրդ տալ, եւ մեկնել է խոսափողը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Թայիփ հորեղբայրն» իր խոսքում նշել է. «Պարոն նախագահը մի բան մոռացավ ասել։ Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է ամենաքիչը 3 երեխա ունենալ, քանի որ այս ազգը ձեզ պես հարգելի զավակների կարիքն ունի։ Սպասում ենք, որ մեր հայրենիքին, ազգին օգուտ տվող սերունդներ կմեծացնեք»,-ամփոփել է իր խոսքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հարսանեկան հանդիսության վկաներն են եղել Թուրքիայի նախագահը, վարչապետը, փոխվարչապետեր Բյուլենթ Առընչը եւ Ալի Բաբաջանը։